Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

ԱՄՆ-ը և Իսրայելը սպառնում են հարձակվել Իրանի վրա, Թեհրանը խոստանում է հուժկու պատասխան տալ

ԱՄՆ-ը և Իսրայելը սպառնում են հարձակվել Իրանի վրա, Թեհրանը խոստանում է հուժկու պատասխան տալ
11.02.2026 | 13:52

Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի դիմակայությունը շարունակվում է. Միացյալ Նահանգները և Իսրայելը սպառնում են հարձակվել Իսլամական Հանրապետության վրա, Թեհրանը խոստանում է հուժկու պատասխան տալ, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների օգնությամբ: RTVI-ն տեղեկացրել է, թե ԱՄՆ-ի որ օբյեկտներին են ընդունակ հարվածել Իրանը:

«Iran Watch»-ի գնահատմամբ ՝ Իրանն ունի բալիստիկ հրթիռների զգալի զինանոց: Հանրապետության բանակն ունի մոտ 200 արձակման կայան և փոքր ու միջին հեռահարության 1500 հրթիռ, այդ թվում ՝ «Sejjil»-ը և «Khorramshahr-4»-ը, որոնք կարող են թիրախներ խոցել մինչև երկու հազար կիլոմետր հեռավորության վրա, գրել է RTVI-ն։

Պարբերականի տեղեկացմամբ, Իրանը հնարավորություն ունի գրոհելու ամերիկյան ռազմաբազաները Սիրիայում, Իրաքում, Քուվեյթում, Քաթարում, ԱՄԷ-ում, Օմանում և Բահրեյնում: Վերջինիս ջրերում տեղակայված է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Հինգերորդ նավատորմը։ Քուվեյթում տեղակայված են ԱՄՆ-ի պատերազմի նախարարության (նախկինում՝ Պենտագոն) միանգամից մի քանի ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ «Քեմփ- Ֆարիջան» բազան, որտեղ կենտրոնացած են ռազմաօդային ուժերի, ռազմածովային ուժերի, ծովային հետևակի կորպուսի ուժերը և «Ալի-ալ-Սալեմ» օդանավակայանը:

ԱՄԷ-ում գործում է ԱՄՆ-ի «Ալ-Դաֆրա» ավիաբազան։ Քաթարում մինչև 10 000 ամերիկացի զինվորականներ ծառայություն են իրականացնում «Ալ-Ուդեյդ» ավիաբազայում։ Եվս մեկ ավիաբազա՝ «Ինջիրլիքը», գտնվում է Թուրքիայի հարավում։ Այնտեղ կենտրոնացած է Պենտագոնի միջուկային զենքը։ Ամերիկացիների հետ միասին բազայում հերթապահում են թուրք օդաչուները։

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Boeing P-8A Poseidon» հետախուզական ու հականավային ինքնաթիռը երեկ, «РИА Новости»–ի տեղեկացմամբ, նկատվել է Հորմուզի նեղուցի ջրերի վրա, Իրանի սահմանի մոտ: Ըստ թռիչքի երթուղու, ինքնաթիռը դուրս է եկել Բահրեյնից, պտտվել Հորմուզի նեղուցի երկնքում և հետ վերադարձել:

«Boeing P-8A Poseidon»-ը, որը զինված է տորպեդներով, թևավոր հրթիռներով և ռումբերով, բազմագործառույթային հակասուզանավային և հետախուզական ինքնաթիռ է, որն, ի թիվս այլ նպատակների, օգտագործվում է նաև սուզանավերի հայտնաբերման ու հավանական հակառակորդների ռազմածովային ուժերի մասին տեղեկություններ հավաքելու համար: Այն հագեցած է ակտիվ բազմաստատիկ և պասիվ ակուստիկ սենսորային համակարգով, հակադարձ սինթեզված բացվածքով ռադիոտեղորոշիչով, պարամետրերի չափման նոր էլեկտրոնային համակարգով, նոր էլեկտրաօպտիկական/ինֆրակարմիր տվիչով և մագնիսական անոմալիաների թվային դետեկտորով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել ՆԱՏՕ-ի միանգամից հինգ ինքնաթիռների տեղափոխումը Լեհաստանի Ժեշով քաղաքում գտնվող Հյուսիսատլանտյան դաշինքի ավիաբազա, Իրանին ավելի մոտ: Խոսքն օդում ինքնաթիռներին վառելիքով լցավորող երեք հատ «Airbus A330−243mrtt»-ի, բրիտանական «Boeing RC-135W Rivet Joint» հետախուզական ինքնաթիռի և AWACS հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման համակարգով ֆրանսիական «Boeing E-3F Sentry» ինքնաթիռի մասին է։ Վերջինս կարևոր օղակ է հակաօդային պաշտպանության համակարգման և կործանիչների կառավարման համար։

ՌԴ վաստակավոր ռազմական օդաչու, գեներալ-մայոր Վլադիմիր Պոպովը «Аргументы и факты»-ին տված մեկնաբանության մեջ հնարավոր է համարել, որ ՆԱՏՕ-ի ակտիվությունը կարող է կապված լինել Իրանին հարված նախապատրաստելու հնարավորության մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների հետ:

Ընդ որում, ըստ Պոպովի, ամենամյա զորավարժությունների շրջանակներում իրականացվող ավիացիայի ստանդարտ տեղաշարժերի հետևում կարող է թաքնված լինել ավելի մասշտաբային գործողությունների նախապատրաստումը։ Դա հատկապես իրական է Իրանի վրա հնարավոր հարձակման մասին Դոնալդ Թրամփի հայտարարությունների ֆոնին։

«Կարևոր է հասկանալ, որ Մերձավոր Արևելքում հարվածի համար անհրաժեշտ է գործարկել հսկայական ավիացիոն ենթակառուցվածք,- ասել է գեներալը:- Ժեշովի բազան իսկապես օգտագործվում է Հատուկ ռազմական գործողության համատեքստում և Ուկրաինային սպառազինության մատակարարման համար, բայց այս օբյեկտը նաև ծառայում է որպես ցատկման օդանավակայան հետագա թռիչքների համար դեպի Թուրքիա կամ հարավային ուղղությամբ, օրինակ, ԱՄԷ-ում գտնվող ավիաբազաներ: Այս ամենն անհրաժեշտ է զորքերի, որպես ամբողջություն, կապի, դիտարկման, լոկացիայի և կառավարման ապահովման համար. ավիացիա, ծովային ուժեր և հրթիռային կայանքներ: Այսինքն՝ նման գործողությունները կարող են յուրօրինակ մարզում լինել Իրանին և նրա օբյեկտներին հարվածներ հասցնելու համար»:

Պոպովի կարծիքով, վերջնական որոշումը կախված է Վաշինգտոնի քաղաքական կամքից: Այստեղ պետք է հաշվի առնել Թրամփի գործոնը. նա խելացի է, բայց չափազանց անկայուն՝ կարող է սրել իրավիճակը, կտրուկ հայտարարություններ անել, իսկ հետո հանկարծակի նահանջել:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը, ԱՄՆ-ի Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար ծովակալ Բրեդ Կուպերը և ԱՄՆ-ի առաջնորդի փեսա Ջարեդ Քուշները Օմանի մայրաքաղաք Մուսկատում Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման հարցով ԱՄՆ-ի և Իրանի միջև փետրվարի 6-ի բանակցությունների հաջորդ օրը, ТАСС-ի փոխանցմամբ, բարձրացել են Արաբական ծովում գտնվող «USS Abraham Lincoln» («Աբրահամ Լինքոլն») ավիակրի վրա: Այս մասին Ուիթքոֆը հայտնել է X սոցիալական ցանցում:

Ուիթքոֆի խոսքով՝ ԱՄՆ- ներկայացուցիչները հանդիպել են ավիակրի և նրան ուղեկցող ամերիկյան նավերի խմբի անձնակազմերի հետ: Ի թիվս այլ բաների, Ուիթկոֆը, Կուպերը և Քուշները «զրույց են ունեցել իրանական անօդաչու թռչող սարքը խոցած օդաչուի հետ»: Ինչպես իր աղբյուրներին հղումով նշել է «Axios» պորտալի լրագրող Բարաք Ռավիդը, նրանց այցը ավիակիր «ազդանշան է այն մասին, որ ԱՄՆ-ն դիտարկում է գործողությունների այլ տարբերակներ Իսլամական Հանրապետության հետ բանակցությունների ձախողման դեպքում»:

Փետրվարի 3-ին ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ, կապիտան Թիմ Հոքինսը հայտարարել էր, որ ամերիկյան F-35C կործանիչը խոցել է իրանական ԱԹՍ-ն այն բանից հետո, երբ վերջինս մոտեցել է Արաբական ծովում «USS Abraham Lincoln ավիակրին»: Այս կապակցությամբ նշենք, որ ԱՄՆ-ի հինգերորդ սերնդի F-35C կործանիչն Արբական ծովի չեզոք ջրերի վրա, միջազգային իրավունքի կոպտագույն խախտմամբ ոչնչացրել է իրանական «Shahed-129» մոդելի ԱԹՍ-ն, որը, գործելով իրավական դաշտում, միջազգային ջրատարածքի երկնքում իրականացնելիս է եղել պլանային հետախուզական և լուսանկարահանման առաքելություն:

Սատանայի պետությունը դարձյալ գործել է ոչ թե միջազգային իրավունքով, այլ ուժի իրավունքով՝ վերահաստատելով, որ Միացյալ Նահանգներն ահաբեկչական պետություն է: Բացառված չէ, որ նպատակն եղած լինի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) պատասխան գործողությունների սադրելը: ԱՄՆ-ի հետախուզական բազմաթիվ ԱԹՍ-ներ և ինքնաթիռներ թե՛ Մուրմանսկի մոտ, թե՛ Սև ծովի միջազգային ջրատարածքի վրա և այլուր թռիչքներ կատարելով, հետախուզական տեղեկություններ են հավաքում ու փոխանցում ՌԴ ռազմածովային ուժերի նավերի, սուզանավերի, նավահանգիստների ռազմական այլ օբյեկտների վերաբերյալ, նաև՝ քաղաքացիական… Բայց Ռուսաստանի ԶՈւ-ն չի խոցում նրանց, քանի որ հետախուզական գործունեությունը ՌԴ տարածքային ջրերի վրա չի իրականացվում:

Խոցելով իրանական ԱԹՍ-ն, ԱՄՆ-ը, բարեբախտաբար, ամբողջությամբ չի հասել իր նպատակին: Իրանական «Tasnim» գործակալությունը, վկայակոչելով իրազեկ աղբյուրին, հայտնել է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անօդաչու թռչող սարքը հասցրել է կատարել առաջադրված բոլոր խնդիրները և հավաքագրված տեղեկատվությունը փոխանցել է մինչև իր հետ կապի կտրվելը:

ԻՀՊԿ-ի աղբյուրը, որին հղում է արել իրանական գործակալությունը, հաստատել է, որ «Shahed-129»-ը «հաջողությամբ փոխանցել է» դիտարկման ու տեղազննման լուսանկարները կառավարման կենտրոն, սակայն դրանից հետո նրա հետ կապը կորել է:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 447

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ